«Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահը հայտարարություն է տարածել` հերքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Տավուշի մարզի զորամասերից մեկում սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հուղարկավորման հետաձգման ու նրա դին Երեւան տեղափոխելու, բողոքի ակցիա կազմակերպելու հարցում ծնողներին դրդել է իրենց կազմակերպության ներկայացուցիչը:

«Մեր կազմակերպության 22-ամյա գործունեության ընթացքում՝ Արցախյան պատերազմի տարիներից մինչ օրս, մենք մշտապես գործել ենք ի շահ բանակում ծառայողների իրավունքների պաշտպանության եւ կարգուկանոնի հաստատման: Սակայն վերջին օրերին մամուլում եւ լրատվական տարբեր կայքերում տարածում է գտել իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող «ինֆորմացիա»՝ իբրեւ թե Տավուշի մարզի զորամասերից մեկում սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հուղարկավորման հետաձգման ու նրա դին Երեւան տեղափոխելու, բողոքի ակցիա կազմակերպելու հարցում ծնողներին դրդել է մեր կազմակերպության ներկայացուցիչը: Ինքս մայիսի 15-18-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել եմ Ուկրաինայի Կիեւ քաղաքում ԱՊՀ իրավապաշտպան կազմակերպությունների միջազգային հանդիպմանը, ինչպես նաեւ Ուկրաինայի բարձրաստիճան զինվորականների հետ կազմակերպված քննարկմանը այլընտրանքային ծառայության վերաբերյալ, իսկ վերոնշյալ դեպքի մասին տեղեկացել եմ միայն վերադառնալուս օրը: Իմ եւ «Զինվորի մայր» ՀԿ-ի անունից պաշտոնապես հերքում եմ այդ տեղեկությունը եւ բացառում մեր կազմակերպության որեւէ տիպի մասնակցությունը այդ օրվա իրադարձություններին»:  

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Դ. Խաչատրյանը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մայիսի 18-ին պետք է կայանար Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունը, սակայն ծնողները որոշել էին Երեւան բերել իրենց որդու դին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից իրական պատճառը լսելու, նաեւ մտադիր էին կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնել: Ճանապարհին՝ Երեւան-Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները, քանի որ իրավապահները փակել են նրանց ճանապարհը: Դեպքի վայրից NEWS.am-ին հայտնել են, որ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել: Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար ջարդել են նրանց մեքենաները:

Հարազատների հետ հանդիպման են գնացել ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը եւ Ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը: Ավելի ուշ դեպքի վայր են ուղեւորվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանն ու զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, ովքեր զրուցել են զինվորի հարազատների հետ:

Դրանից հետո բարձրաստիճան պաշտոնյաները զինվորի հարազատների հետ միասին վերադարձել են նրա հայրենի գյուղ` Վերին Գետաշեն, որպեսզի մասնակցեն Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությանը: