Երեկ` մայիսի 24-ին` Վերջին զանգի օրը, «Շտապօգնություն» ՓԲԸ-ն Երեւանում 590 կանչ է սպասարկել, մինչդեռ սովորական օրերին դրանց թիվը կազմել է 530: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նա նշեց, որ վերջին զանգի հետ կապված որեւէ կանչ չեն սպասարկել, լուրջ միջադեպեր չեն եղել: Քաղաքապետի հրամանով` «Շտապօգնությունը» երեկ հերթապահություն է իրականացրել Ազատության հրապարկում, որտեղ շրջանավարտների համար կազմակերպված էր մեծ, տոնական համերգ: Տնօրենի խոսքով` դրա ընթացքում եւս միջադեպեր չեն գրանցվել, ընդամենը մեկ երիտասարդ աղջիկ գլխացավ ուներ, մոտեցել ու դեղ է խնդրել:
Թագուհի Ստեփանյանը նկատեց, որ այժմ նվազել են կանչերը` կապված սուր-շնչառական վարակների հետ, փոխարենը` եղանակային առանձնահատկություններով պայմանավորված` ավելացել են արյան ճնշման տատանումների, սիրտ-անոթային հիվանդությունների խնդիրներով կանչերը:




























