Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արագածոտնի մարզ:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց Շամիրամ համայնք, որտեղ գյուղապետի, համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին համայնքի ընթացիկ խնդիրներին, գյուղատնտեսական աշխատանքներին, անասնաբուծության զարգացմանը, համայնքի սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր:
Փոխվարչապետը կանգ առավ նաեւ Օշականում, այցելեց համայնքի երաժշտական դպրոց, որի հիմնանորոգումն ավարտվել է օրերս` Հայ օգնության ֆոնդի ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում: Դպրոցի հիմնանորգման ծրագիրը ֆինանսավորել է ամերիկահայ բարերար Նատիա Փոլատյանը: Փոխվարչապետը շրջայց կատարեց դպրոցում, ծանոթացավ պայմաններին: Նշելով, որ համայնքներում ենթակառուցվածքների զարգացման միջոցով որակյալ ծառայությունների մատուցման հասնելը կառավարության առաջնահերթ խնդիրներից է` նա գոհունակություն հայտնեց, որ տարբեր կազմակերպություններ եւ անհատներ նույնպես աջակցում են այդ նպատակին: Դպրոցն արդեն վերաբացվել է, եւ 65 սաներն այսուհետ երաժշտական կրթություն կստանան հարմարավետ ու բարեկարգ պայմաններում:
Փոխվարչապետն այցի ավարտին խորհրդակցություն անցկացրեց Արագածոտնի մարզպետարանում, որի ընթացքում քննարկվեց մարզում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգին չպատկանող հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու նպատակահարմարության հարցը: Խորհրդակցությանը մասնակացում էին մարզպետը, ՀՀ գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ, պատասխանատու այլ անձինք:
Զեկուցվեց, որ մարզում առկա է ընդհանուր առմամբ 50 հակակարկտային կայան, որոնցից 30-ը տեղադրված է պետական ծրագրով, իսկ մյուս 20-ը` այլ հիմունքներով: Նշվեց, որ մարզի ցանքատարածություններն ու այգիները կարկուտից պաշտպանելու համար հակակարկտային կայանների թվի ավելացման անհրաժշտության կա: Քննարկվեցին համայնքային ենթակայության կայանները միասնական ցանցին միացնելու, ինչպես նաեւ նոր կայաններ տեղադրելու հնարավորությունները:
Խորհրդակցությանը Կարբի եւ Օհանավան համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին նաեւ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին եւ եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով համայնքների գյուղատնտեսությանը հասցված վնասին վերաբերող հարցեր:
Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգին չպատկանող հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու նպատակահարմարության հարցն առաջիկայում կքննարկվի նաեւ Շիրակի մարզում, որից հետո փոխվարչապետի ղեկավարությամբ գործող աշխատանքային խումբն առաջարկություններ կներկայացնի կառավարությանը:



























