Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) մայիսի 29-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա համերգային ծրագրով։ Համերգին ներկա է լինելու Ուելսի արքայազն Չարլզը, ով Հայաստանում է որպես «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր։ Համերգը տրվելու է ի նպաստ Երեւանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված բարեգործական աշխատանքի:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե մայիսի 29-ի համերգին հաջորդելու է ընդունելություն եւ գալա ընթրիք ի պատիվ «Երեւան, իմ սեր» ծրագրի նվիրատուների:
Մայիսի 29-ի համերգային ծրագրում կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի, Պյոտր Իլյիչ Չայկովսկու, Ջուզեպպե Վերդիի, Կեսար Ֆրանկի, Սերգեյ Ռախմանինովի, Ջակոմո Պուչչինիի, Բարսեղ Կանաչյանի, Արամ Խաչատրյանի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Կարլ Օրֆֆի ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես կգան Նարեկ Հախնազարյանը (թավջութակ), Բարսեղ Թումանյանը (բաս), Դարիգա Նազարբաեւան (մեցցո սոպրանո), Գեւորգ Հակոբյանը (բարիտոն)։ Ելույթ կունենա նաեւ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը (գեղարվեստական ղեկավար` Ռուդոլֆ Խառատյան), մանակատարներ՝ Սոնա Առուստամյան, Սյուզաննա Փիրումյան, Սեւակ Ավետիսյան։
Համերգին կմասնակցի նաեւ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Հովհաննես Չեքիջյան)։



























