Հայաստանի տարածքում  գրանցված 126 կարուսել կա, որից  83-ը` Երեւանում, իսկ մնացածը` մարզերում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ 126 կարուսելներից 75-ը ստացել է փորձաքննության դրական եզրակացության, փորձաքննություն անցած կարուսելներից 70-ը գտնվում է Երեւանում:

«Այն կարուսելները, որոնք դեռ փորձաքննություն չեն անցել, իրենց ժամկետները դեռ ընթացքի մեջ է: Այդ կարուսելները առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում կանցնեն փորձաքննություն, բոլոր կարուսելները պետք է միանշանակ անցնեն փորձաքննություն»,- ասաց նա:

Հայաստանի կարուսելների 98 տոկոսն ունի սեզոնային բնույթ, իսկ դրանց մի փոքր մասը աշխատում է ամբողջ տարին: Նոր կարուսելներ շահագործելու դիմումներ ԱԻՆ-ը այս տարի չի ստացել, բայց պատրաստվում են փորձաքննություն կատարել Մոնումենտի զբոսայգում գտնվող «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի կարուսելներից երկուսը փորձաքննություն անել:

Լուսինե Հովհաննիսյանը շեշտեց, որ կարուսելները, ինչպես բոլոր արտադրական օբյեկտները, տարեկան մեկ անգամ պետք է փորձաքննություն անցնեն, իսկ շահագործողը պետք է տեսանելի վայրում փակցնի փորձաքննությանը եզրակացությունը, եթե այն չկա, ապա ծնողը կարող է պահանջել այն շահագործողից:

Փորձագետը վստահեցնում է, որ դրական եզրակացություն ստացած բոլոր կարուսելները ապահով եւ անվտանգ են: Ի  դեպ, 2011թ  կարուսելների անսարքության հետ կապված դժբախտ դեպքեր չեն եղել, իսկ 2010թ մի դեպք է գրանցվել, որի ընթացքում երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Իսկ 2012թ ընդամենը մեկ դեպք է գրանցվել «Լունա Պարկում», կարուսելը գրանցված չի եղել, այն կազմահավաքման  փուլում է եղել, աշխատանքների ժամանակ տուժել է փականագործ բանվորը, նա ստացել է մարմնական վնասվածքներ: