Ապրիլի 5-ի կեսգիշերին վթարի ենթարկված նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Զոհրաբ Զոհրաբյանն օրերս դուրս է գրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:
Նա նշեց, որ Զոհրաբյանի վիճակը լավ է, նա իրեն լավ է զգում, եւ այս պահի դրությամբ նոր վիրահատության կարիք չկա: Նաիրա Հարությունյանը նաեւ նշեց, որ հարուցված քրեական գործով դեռեւս որեւէ նորություն չկա, ձերբակալված եւ բերման ենթարկված անձինք չկան:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի կեսգիշերին Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում վթարի էր ենթարկվել ՀՀԿ խմբակցության նախկին անդամ, ներկայումս ԲՀԿ շարքերը համալրած Զոհրաբ Զոհրաբյանը։ Վերջինս վարորդի հետ անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ։ Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 համարանիշի եւ «Չերրի» մակնիշի 09UL425 համարանիշի ավտոմեքենաները: Զոհրաբ Զոհրաբյանը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում` գանգուղեղային տրավմա, կրծքավանդակի սալջարդ վնասվածքներով:Տեւական ժամանակ «Արմենիա» բժշկական կենտրոնում պառկելուց հետո նա տեղափոխվեց «Էրեբունի« բժշկական կենտրոն, որտեղ եւ վիրահատվել էր:
Փաստի առթիվ ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):




























