Դաղստանի իշխանությունները Մախաչկալայում մահապարտուհու ինքնապայթեցումից  12 տուժածներին նյութական օգնություն տրամադրելու որոշում է կայացրել: Նրանց թվում են հինգ ոստիկաններ «Դաղստան» պետական հեռուստառադիոընկերության օպերատոր Անատոլի Շեւչին, որին արդեն վիրահատել են:

Ծանր վիրավորները քառորդ միլիոն ռուբլի կստանան, միջին ծանրության վնասվածք ունեցողները՝ հարյուր հազարական, իսկ թեթեւ վերքեր ունեցողները՝ 50 հազարական:  Անհրաժեշտ միջոցները կտրամադրվեն տարածքային կառավարության պահուստային ֆոնդից:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի՝ ահաբեկչության հետեւանքով զոհվել է միայն մահապարտուհի Մադինա Ալիեւան՝ ավելի վաղ ոչնչացված երկու գրոհայիններից մեկի նախկին կինը: Մայիսի 13-ից նրան անհետացած էին համարում: Ֆ-1 ռումբով գոտի հագած կինը մոտեցել էր ՆԳՆ-ի շենքին եւ գործի դրել ինքնաշեն պայթուցիկը: Ռումբի պայթյունի հզորությունը  կազմել էր շուրջ 500 գ՝  տրոտիլային համարժեքով:

Արտակարգ դեպքի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ  չորս հոդվածներով՝ «Մահափորձ իրավապահ մարմնի աշխատակցի դեմ», «Երկու կամ ավելի անձանց վրա հարձակում` համընդհանուր վտանգ ներկայացնող միջոցով», «Զենքի ապօրինի շրջանառություն» եւ «Պայթուցիկ սարքի ապօրինի պատրաստում»: Ըստ իրավապահ մարմինների՝ մահապարտ կնոջ թիրախը հենց ոստիկաններն են եղել, հաղորդում է  vesti.ru-ն: