Պաշտպանության բանակի 2013թ. պատրաստության պլանի համաձայն, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, մայիսի 20-24-ը անց է կացվել բազմաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն, որին որպես ուսուցանվողներ մասնակցում էին հյուսիսային ուղղությամբ գործող միավորման ու ենթակա զորամասերի հրամանատարությունը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե զորքերի եւ հատկապես սպայակազմի ուսուցմանը նպաստող կարեւոր այս միջոցառման ընթացքում պայմանականորեն խաղարկվել են միավորման բերումը «բարձր» աստիճանի մարտական պատրաստականության վիճակի, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում պաշտպանական մարտի կազմակերպումն ու վարումը եւ հարձակման նախապատրաստման գործողությունները:
Հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփմանը ներկա էր նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատարը շնորհակալություն է հայտնել ներկա հրամկազմին հաջող անցկացված զորավարժության համար եւ հավաստիացրել, որ այսուհետ եւս ամեն ինչ արվելու է պաշտպանության բանակի մարտունակության ներկա վիճակի պահպանման եւ հետագայում այն ավելի բարձրացնելու համար:




























