Երեւանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակիչ, 70-ամյա Ամալյա Նազարեթյանի եւ նույն շենքի առաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի տերերի միջեւ տեղի ունեցած միջադեպի` տիկնոջը բռնի ուժով հոգեբուժարան տեղափոխելու վերաբերյալ NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանում է տվել ոստիկանության Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նա վստահեցրել է, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը սեղմ ժակետներում ուսումնասիրել եւ ստուգել նշված հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվությունը: «Ոստիկանությունը վստահեցնում է, որ եթե ստուգումների արդյունքում ոստիկանության ծառայողների գործողություններում անօրինականություններ հայտնաբերվեն, ապա մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Նշեմ, որ այս հրապարակման առնչությամբ սկսված ստուգումները ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ են»,-ասել է Աշոտ Ահարոնյանը: 

Հիշեցնենք, որ այսօր դեպքին անդրադարձել էր «Հայկական ժամանակ» թերթը: Ըստ «ՀԺ»-ի նախօրեին երեկոյան ահազանգ են ստացել շենքի բնակիչներից մեկից, որ իրենց հարեւանուհուն ինտելիգենտ, նախկինում ուսուցչուհի, բռնի ուժով տեղափոխել են հոգեբուժարան: Զանգահարած երիտասարդ կինը խոսելու ընթացքում ծայրահեղ հուզված էր եւ օգնություն էր աղերսում: Բանն այն է, որ Նազարեթյանի բնակարանը զբաղեցնում է նույն շենքի աոաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի երկրորդ հարկը: Եվ ահա, ըստ հարեւանուհու, խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել աոաջին եւ երկրորդ հարկերի միջեւ: Ամալյա Նազարեթյանը որպես բնակիչ դեմ է եղել:

Բավական երկար ժամանակ նրա եւ խանութի ներկայացուցիչների միջեւ լարված հարաբերություններ են եղել, քանի որ Նազարեթյանը խնդրով պարբերաբար դիմել է ոստիկանություն: Եվ ահա, օրերից մի օր այս հարեւանուհուն է մոտեցել թաղային ոստիկանը ձեռքին մի թուղթ եւ հորդորել ստորագրել այդ թղթի տակ առ այն, որ Ամալյա Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի: Հարեւանուհին հրաժարվել է ստորագրել, քանի որ այդ կինը հոգեկան խնդիրներ չի ունեցել:

Ըստ նրա տեղեկությունների՝ հարեւաններից որեւէ մեկը չի ստորագրել թղթի տակ: Իսկ արդեն մի քանի օր անց նրանք ականատես են եղել, թե ինչպես է մի մեծ մեքենա կանգնել շենքի բակի տաղավարի մոտ, վեճի ձայներ են լսվել, Ամալյա Նազարեթյանը տարածքում գտնվող շենքի հավաքարարուհուն խնդրել է ասել, որ ինքը հոգեկան հիվանդ չէ. ապա նրան բռնի ուժով դրել են մեքենան ու տարել: Ավելի ուշ հարեւանները պարզել են. որ նրան տեղափոխել են հոգեբուժարան:
«Իդեալ» խանութների ցանցը կապվում է Երեւանի արդեն նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի անվան հետ: Ամալյա Նազարեթյանը ամուսնացած չէ, նա երեխաներ չունի: Նա իհարկե դժբախտ է, որ ժամանակին չի ամուսնացել եւ Ներսես Նազարյանի նման մի զավակ էլ ինքը չի ծնել, քանի որ Նազարյանի եւ նրա նմանների մայրերի հետ նման բան չէր կարող պատահել: Սակայն խնդիրն այստեղ միայն Նազարյանը չէ, տասնյակ մարդիկ ոստիկաններ, բժիշկներ, դատավորներ մասնակցել են այս բարբարոսությանը եւ որեւէ մեկը չի ընդդիմացել...»,- գրել է «Հայկական ժամանակը»: