Եվրոպայի օրը կարեւոր իրադարձություն է ԵՄ երկրների համար. այն նշանավորում է եվրաինտեգրման գործընթացի սկզբնավորումը համընդհանուր նպատակների եւ սկզբունքների հիման վրա՝ ապահովելու խաղաղությունը եւ կայունությունը Եվրոպայում (ֆոտոռեպորտաժ): Այդ մասին այսօր՝ մայիսի 25-ին, Երեւանի Հյուսիսային պողոտայում Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
«Եվրոպայի օրը տոնում ենք նաեւ Հայաստանում եւ լիահույս ենք, որ տոնակատարության բոլոր մասնակիցները նոր տեղեկություններ եւ գիտելիք կստանան Եվրամիության եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին», - ասաց Տ. Հրիսթեան, նշելով, որ ԵՄ-Հայաստան հարաբերություները գնալով սերտանում են եւ Եվրամիությունը հանձնառու է աջակցելու իր հարեւաններին, նաեւ Հայաստանին բարեփոխումների ճանապարահին:
Տեղեկատվական ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ԵՄ օժանդակությամբ իրականացվող շուրջ 70 ծրագրերի եւ նախագծերի, որոնք գործում են տարբեր ոլորտներում՝ կրթություն, աղքատության նվազեցում, առեւտուր, երիտասարդական ծրագրեր, մշակույթ, առողջապահություն, գյուղատնտեսություն, բնապահպանություն, մարդու իրավունքներ:
Նշենք, որ Եվրոպայի օրվա տոնակատարությունը Երևանում կամփոփվի համերգային ծրագրով. ելույթ կունենան երաժիշտեր ինչպես Հայաստանից, այնպես էլ հյուրեր արտասահմանից՝ Գերմանիայից եւ Ռումինիայից: Եվրոպային օրվան նվիրված միջոցառումներ նախատեսված են նաև մարզերում:




























