Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը, ժամը 08:40-ի սահմաններում, Գյումրիից դեպի Բագրատաշեն ընթանալիս, Mercedes մակնիշի 33 ՕՕ 476 համարանիշի միկրոավտոբուսի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել: Վթարի հետեւանքով այս պահի տեղեկություններով մեկ հոգի մահացել է, մեքենայում եղել են վարորդն ու 18 ուղեւորներ:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարատակի 5-րդ վաշտի դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանը դեպքի վայրից հայտնեց, որ ժամը 10:00-ի դրությամբ արդեն Նոյեմբերյանի հիվանդանոց են տեղափոխվել 7 տուժածներ, մյուս տուժածները եւս ԱԻՆ փրկարարների խորհրդով տեղափոխվում են հիվանդանոց:
Ականատեսների փոխանցմամբ՝ վթարի պատճառը եղել է վարորդի կողմից արագության գերազանցումը, մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, կողաշրջվել ու ընկել ճանապարհից դուրս:
Միկրոավտոբուսը Գյումրիից ուղեւորվում էր Ռոստով քաղաք: Տուժածներին մեքենայից դուրս են բերում փրկարարները, Լոռիի ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները: Մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ 52-ամյա Ավետիք Թորոսյանն էր:




























