ԱՄՆ-ում կրակոցների նոր դեպք է տեղի ունեցել. Թեքսաս նահանգում տղամարդն անկանոն կրակ է բացել ճանապարհին, որի հետեւանքով  զոհվել է մեկ մարդ, հինգը` վիրավորվել: Վիրավորների շարքում կա մեկ ոստիկան: Կրակողին վերացրել են: 

Reuters-ը հաղորդում է, որ 23-ամյա տղամարդը կրակել էր իր մեքենայից, ավելի ուշ նա սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: Զոհված 41-ամյա Ալիսիսա Տորեսը նույնպես իր մեքենայում էր գտնվել:

Հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն: Հաղորդվում է, որ կրակոցներով  առաջին միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 26-ին` տեղի ժամանակով  4.30-ին, Իդեն քաղաքում: Վիրավորվել էր մի կին: Այնուհետեւ հրաձիգն ուղեւորվել էր Բրեյդի քաղաք, որտեղ վիրավորել էր երկու մարդու: Դրանից հետո նա կրկին Իդեն էր վերադարձել եւ վիրավորել եւս մեկ մարդու, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ըստ Թեքսասի հանրային անվտանգության դեպարտամենտի` հանցագործը 23-ամյա տղամարդ էր` Հյուսիսային Կարոլինայից: Նրա անունը դեռ չի հաղորդվում: Նա ունեցել է հրացան, ատրճանակ եւ հարյուրավոր փամփուշտներ, հայտնում է rbc-ն: