«Հյուսիսային Կովկասի հանգստավայրերը» (ՀԿՀ) ԲԲԸ-ի նախկին նախագահ եւ Օլիմպիական կոմիտեի նախկին փոխնախագահ Ահմեդ Բիլալովն ընտանիքի հետ հաստատվել է Լոնդոնի մերձակայքում` Բորիս Բերեզովսկիիառանձնատնից քիչ հեռու, գրում է «Իզվեստիան»: Բիլալովը թերթին պատմել է, որ  Մեծ Բրիտանիայում բուժման կուրս է անցնում: 

Այս տարվա ապրիլին հայտնի էր դարձել, որ  Ահմեդ Բիլալովը վաճառում է Մոսկվայի Silver Place էլիտար թաղամասի իր տունը: Ըստ rbc-ի`  ժամանակին նա առանձնատունը գնել էր 5 միլիոն դոլարով: Այժմ այն վաճառվում է 8 միլիոն դոլարով:

Բիլալովը պաշտոններից զրկվել էր Սոչիում Օլիմպիադայի համար ժամկետանց օբյեկտների  պատճառով: Փետրվարյան ստուգումների ժամանակ Վլադիմիր Պուտինը «ընկեր Բիլալովից» հետաքրքրվել էր, թե ինչպես նա կարող է փոխնախագահ լինել, եթե անձամբ է խափանում տրամպլինների շինարարությունը: 

Շուտով Բիլալովը հեռացել էր Գերմանիա եւ հայտնել, որ իբր Մոսկվայի իր գրասենյակում իրեն կես տարի թունավորել են սնդիկով:  Քննիչները ոչ մի վտանգավոր նյութ չեն գտել, սակայն հայտնաբերել են 275 միլիոն ռուբլու յուրացումներ: