Գազի գնի բարձրացման արդյունքում կանգնել ենք մի փաստի առաջ, որ ժողովրդին պարզապես խաբել են: Այս մասին, այսօր` մայիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ ավագանու ընտրություններից առաջ, երբ նախագահին հարցրեցին գազի գնի բարձրացման մասին, նա շատ հանգիստ մերժեց՝ ասելով, որ դա հերյուրանք է:

«Ժողովրդից դա թաքցվել է եւ հասկանալի է, թե ինչի համար: Իսկ այսօր ուզենք, թե չուզենք կանգնած ենք փաստի առջեւ, որ գազը թանկացել է»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը՝ հավելելով, որ գազի թանկացումը խոսում է նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին:

Նա կարծիք հայտնեց, որ գազի գնի բարձրացումից շահում է «Հայռուգազարդ»-ը եւ քաղաքական վերնախավը եւ տուժում է ժողովուրդը: «Կյանքը թանկանում է եւ ինձ զարմացնում է, որ ժողովուրդը չի ընդվզում: Եթե չընդվզեցին, ուրեմն ժողովուրդն արժանի է այս իշխանությանը եւ այստեղ պետք է չէ դժգոհել Ռուսաստանից»,- ավելացրեց Լյուդմիլա Սարգսյանը:

Ինչ վերաբերում է կառավարության կողմից գազի գնի 30 տոկոս սուբսիդավորմանը, ՀԱԿ պատգամավորը նշեց, որա այդկերպ ոչ միայն խնդիրը չի լուծվելու, այլեւ արտաքին պարտքն է մեծանալու: Նրա խոսքով ստեղծված իրավիճակը հնարավոր կլիներ մեղմացնել, եթե Տիգրան Սարգսյանը հրաժարական տար:

«Սկզբում գազի թանկացումը 67 տոկոս խփեցին, հետո դարձրին 18, որ ասեն «Փառք Աստծո, 18 տոկոս դարձրեցինք»,-ամփոփեց Լյուդմիլա Սարգսյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am