Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը պատրաստ է հենց այսօր մեկնել Բաքու: Այս մասին նա հայտնել է այսօր` մայիսի 27-ի մամուլի ասուլիսում` խոսելով Ադրբեջանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին:  

Այվազյանն ընդգծել է, որ իր թեկնածության գրանցման դեպքում մտադիր է մեկնել Ադրբեջան եւ այնտեղ անցկացնել իր քարոզարշավը: «Ես ինքս գրանցվելուց անմիջապես հետո պատրաստ եմ մեկնել Ադրբեջան: Սակայն իմ թիմի անդամները սովորական մարդիկ են, որոնք ընտանիք ունեն, որոնք որոշակի անվտանգության երաշխիքների կարիք ունեն»:

Ի պատասխան հարցին, թե ինչպես կարելի է հավատալ այդ երկրի ղեկավարության երաշխիքներին, Այվազյանը հայտնել է, որ պատրաստ է Բաքու մեկնել թեկուզ այսօր: «Ես պատրաստ եմ գնալ մինչեւ վերջ` նույնիսկ գիտակցելով, որ կարող եմ սեփական կյանքով վճարել, ես պատրաստ եմ ինձ զոհաբերել` հանուն ճշմարտության եւ արդարության»:

Խոսելով փորձագետների այն մեղադրանքների մասին, ըստ որոնց` ինքն իր արարքներով ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին, Այվազյանը նշել է, որ  իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում հայկական կողմը  հաղթող է դուրս գալու: Իսկ եթե իր թեկնածությունը գրանցվի, ինքը կստանա ձայների առնվազն 60%-ը եւ կհաղթի ընտրություններում: 

Այվազյանը հույսը դնում է բողոքավոր ընտրազանգվածի ձայների վրա, քանի որ իրեն համարում է Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւի միակ մրցունակ թեկնածուն: Իր ընտրվելու դեպքում Այվազյանը մտադիր է Ադրբեջան վերադարձնել 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբին տարբեր քաղաքներից Հայաստան  ժամանած հայ փախստականներին, փախստական բոլոր ընտանիքներին վճարել 500 հազար դոլարի փոխհատուցում: