Ես ՍԴՀԿ ատենապետն եմ եւ հույս ունեմ, որ կմնամ: Այս մասին, այսօր` մայիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա նշեց, որ ՍԴՀԿ-ի հետ կապված դատական վճիռը կայացվել է քաղաքական զանգի միջոցով:
«Ես շարունակելու եմ մնալ ՍԴՀԿ ատենապետ եւ հասնելու եմ արդարություն: Ես չեմ ընկրկելու, լինի Տիգրան Սարգսյանը, կամ մեկ ուրիշը: Իսկ ՀԱԿ-ին մեր անդամակցությունն անտրամաբանական եմ համարում»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:
Նա անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի այն հավաստիացումներին, թե դատական համակարգը բարեփոխվելու է եւ քաղաքացին հասնելու է արդարության: «Ես ինքս ԱԺ պատգամավոր եմ եւ չեմ կարողանում հասնել արդարության»,- ավելացրեց Լյուդմիլա Սարգսյանը:
Խոսելով ԱԺ-ում իր եւ վարչապետի լեզվակռվի մասին, նա նշեց, որ վարչապետն իր հետ չպետք է լեզվակռվի մեջ չմտներ, քանի որ մեղավոր է: Իսկ այս ամենի պատճառներն, ըստ նրա, գալիս է նրանից, որ 2008 թվականին Սեդրակ Աճեմյանի միջոցով ցանկանում էին այնպես անել, որ «ՍԴՀԿ-ն չմիանա ՀԱԿ-ին, որը հետագայում վերածվեց բիզնես գործընկերության»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Գեւորգ Պերկուպերկյանի հայցն ընդդեմ Լյուդմիլա Սարգսյանի: Հիշեցնենք, որ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանը պահանջում է, որպեսզի Լյուդմիլա Սարգսյանն իրեն հանձնի կուսակցության դրոշը, գրանցման վկայականը, գույքը, կնիքը, փաստաթղթերն ու արխիվը:
Նշենք, որ Լյուդմիլա Սարգսյանը եղել է ՍԴՀԿ ատենապետ, սակայն հետագայում նա եւ Գուրգեն Եղիազարյանը կուսակցության 8-րդ համագումարում հեռացվել են կուսակցությունից: Վերջիններս այդ համագումարն անօրինական են համարում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























