Կարկտից տուժած գյուղացիներին պաշտպանելու համար կանենք հնարավոր ամեն բան։ Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց տարերային աղետներից տուժած գյուղացիների օգնության ֆոնդի նախագահ, գործարար պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը («ՄԱՊ-ի Ալիկ»)։ Նրա խոսքով՝ գյուղացիներին ցուցաբերվող աջակցությունը պետք է լինի բազմակողմանի, իսկ նրանց տրվող բանկային վարկերն անհրաժեշտ է սառեցնել 2-3 տարով։ Դա կօգնի գյուղացիական տնտեսություններին վերականգնվելու համար անհրաժեշտ միջոցներ հայթայթել։
«Ես եւ իմ գործընկերները պատրաստ ենք մեր ուժերի ներածի չափով օգնել»,- հայտարարեց նա, ըստ երեւույթին նկատի ունենալով եւ պատգամավորներին, եւ գործարարներին։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ, Ազգային Ժողովում, նա հայտարարել էր ձեռնարկատերերի կողմից արվելիք նվիրատվությունների համար հաշվեհամար բացելու անհրաժեշտության մասին։ Առաջարկություն պաշտպանել էր Ազգային Ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, հայտարարելով, որ հաշվեհամարին կփոխանցի իր մեկ ամսվա աշխատավարձը։ «Մենք շարունակում ենք համագործակցել գործարարների հետ եւ հուսով ենք, որ բավարար չափով նվիրատվություն կհավաքվի», - հայտարարեց Ա. Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Արմավիրի եւ Արարատի շրջաններում ուժեղ կարկուտ է տեղացել՝ լրջորեն վնասելով բերքը։




























