ԱՄՆ-ում վիրաբույժներն անորակ իմպլանտների տեղադրումից հետո առաջացած բարդությունների պատճառով հեռացրել են 46-ամյա բնակչուհու ձեռքերը եւ ոտքերը։ Սիլիկոնի փոխարեն կնոջ մարմնում շինարարության մեջ գործածվող հերմետիկ են ներարկել։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Էյփրիլ Բրաունը դժգոհ էր իր մարմնի կազմվածքից. նրան հուսահատության էին հասցնում փոքր կուրծքը եւ չափազանց տափակ հետույքը։ Այնուամենայնիվ, կինը երկար տարիներ չէր համարձակվում դիմել վիրահատական միջամտության։ Միայն 2004թ., երբ նրա ճանապարհին հայտնվեց զգալիորեն մատչելի եւ իբրեւ թե վիրահատական միջամտությունից առավել անվտանգ «սիլիկոնի ներդրման» մասին մանրամասնորեն պատմող խաբեբան, Էյփրիլը վերջապես որոշեց փոխել մարմնի կազմվածքը, հայտնում է «ԻնտերՆովոստի»-ն։
Արդյունքում Լոս-Անջելեսի բնակչուհուն երկու ներարկում է արվել, ինչից հետո հիվանդի մոտ ի հայտ է եկել իմպլանտների նկատմամբ ուժեղ ալերգիկ հակազդեցություն։ Ավելի ուշ պարզվել է, որ խաբեբան նույնիսկ բժշկական կրթություն չի ունեցել։
Էյփրիլ Բրաունը հիշում է, թե ինչպես իր «հետույքը քարի պես կարծրացավ եւ սեւացավ»։ Կնոջ խոսքով՝ ինքը միանգամից «հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ», ինչից հետո դիմել է հիվանդանոցի օգնությանը։ Բուժհաստատությունում ակնհայտ է դարձել, որ ներարկումների ժամանակ հիվանդի մարմին են ներարկել կենցաղային սիլիկոն, ինչը կիրառվում է ջրատարի հերմետիզացման համար կատարվող վերանորոգման եւ շինարարական աշխատանքներում։
Հետագա չորս տարվա ընթացքում Էյփրիլը գտնվել է բժշկական հսկողության ներքո։ Վիրահատություններից մեկի ընթացքում, երբ հեռացնում էին իմպլանտները, վերքը վարակվել է, ինչի պատճառով էլ բժիշկները ստիպված են եղել հեռացնել Էյփրիլի վերջույթները։




























