Աֆղանստանի իրադրության անկանխատեսելիությունը տարածաշրջանում անվտանգության եւ կայունության համար սպառնալիք է ստեղծում: Այս մասին ասված է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի մայիսի  27-ին Բիշքեկում կայացած նիստի ավարտին ընդունված հայտարարությունում:

«Աֆղանստանի ներսում ապակառուցողական ուժերի ակտիվության, ահաբեկչության եւ  թմրաթրաֆիքի աճի հետ կապված` ՀԱՊԿ անդամ պետությունները միջոցներ են ձեռնարկում այդ սպառնալիքներին  դիմակայելու համար եւ սատարում են միջազգային հանրության ջանքերին, որոնք ուղղված են Աֆղանստանում անվտանգության բարձրացմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:

ՀԱՊԿ երկրները հաստատել են իրենց պատրաստակամությունը` խաղաղ, ինքիշխան եւ չեզոք պետություն դառնալու համար Աֆղանստանին սատարելու հարցում, որն ազատ կլինի ահաբեկչությունից եւ թմրանյութերից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, 2001թ.-ից Աֆղանստանի տարածքում առկա է միջազգային զորակազմը, որը գլխավորում է ՆԱՏՕ-ն: Հակաահաբեկչական կոալիցիայի զորքերի դուրսբերումը նախատեսվում է ավարտել 2014թ.: