Բիշքեկում մայիսի 27-ին ավարտվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների, արտգործնախարարների եւ Անվտանգության խորհրդի ղեկավարների լիագումար նիստը, որի ընթացքում քննարկվել են կազմակերպության գործունեության առանցքային հարցեր:

Նիստի ավարտին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել է, որ քննարկվել են զինվորական կազմի զարգացման եւ ՀԱՊԿ ուժային պոտենցիալն ամրապնդելու հարցեր` ՀԱՊԿ հավաքական ուժերի զորքեր ստեղծելու լույսի ներքո: «Քննարկվել են սպառնալիքները նվազագույնի հասցնելու հստակ քայլեր, որոնց բախվում են պետությունները, հատկապես` ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ տեղեկատվական անվտանգության խնդիրները», - հստակեցրել է նա, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Լիագումար նիստում Կազմակերպության  գլխավոր քարտուղարն ավանդաբար հանդես է եկել ՀԱՊԿ կառույցի եւ վիճակի մասին զեկույցով` գոյություն ունեցող մարտահրավերներին եւ սպառնալիքների պայմաններում: ԱԽ-ի նախարարները եւ քարտուղարները  քննարկել են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների կոնսուլտացիաների ծրագիրը` 2013-2014թթ. երկրորդ կիսամյակի արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության վերաբերյալ:

Խոսելով ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության մասին` Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ ՆԱՏՕ-ն դրան դեռ պատրաստ չէ: 

ՀԱՊԿ շրջանակում համատեղ նիստի արդյունքում ստորագրվել է 10 փաստաթուղթ, հայտնել է Ղրղըզստանի արտգործնախարար Էռլան Աբդիլդայեւը: ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների խորհուրդների եւ ԱԽ-ների քարտուղարների հերթական նիստերը նախատեսված են 2013թ. վերջին` Մոսկվայում, հայտնում է 24.kg-ն:

Մայիսի 28-ին Բիշքեկում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովը, որի ընթացքում նախագահները հիմնական ուշադրությունը դարձնելու են  հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանը:  Կմասնակցեն Ռուսաստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի եւ Տաջիկստանի նախագահները: