Մարտի 1-ի գիշերը Չիլիի կենտրոնում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժն է գրանցվել։

Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 3։52 րոպեին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ 35 կմ խորության վրա, չիլիական Տալկա քաղաքից 120 կմ հյուսիս-արեւմուտք։

Նոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռեւս չկան։

Նախօրեին Չիլիի նախագահ Միշել Բաչելետը հայտնել էր փետրվարի 27-ի հզոր երկրաշարժի արդյունքում գրանցված 708 զոհերի մասին։

Մեծ թվով մադիկ համարվում են անհետ կորած, եւս 2 միլիոնը մնացել են առանց ծածկի։Կիրակի օրը ՄԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժած Չիլիի կառավարությանը եւ բնակիչներին։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյից 320 կմ հարավ-արեւմուտք 8.8 բալ ուժգնությամբ եւս մեկ երկրաշարժ էր գրանցվել։ Ամենաշատը տուժել էր Չիլիի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Կոնսեպսյոնը։ Ստորերկրյա ցնցումներից մի փոքր անց երեք մետր բարձրությամբ ալիքները հարվածել էին Խուան Ֆերնանդես արշիպելագում գտնվող Ռոբինզոն Կրուզո կղզուն։