Այսօր` մայիսի 27-ին, «Հայաստան» հիմնադրամի պատվիրակությունն այցելել է  Շիրակի մարզ: Օրակարգում ներառված էին այցելություններ Բավրա գյուղի համայնքային կենտրոնի եւ Աշոցք գյուղի դպրոցի շինարարական հրապարակներ:

Հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Բավրայի համայնքային կենտրոնը կառուցվում է արգենտինահայ բարերար Նշան Դեվեջյանի հովանավորությամբ: Կենտրոնում կգործեն գյուղապետարանը, հանդիսությունների սրահը, գրադարանը եւ համակարգչային սենյակը:

Աշոցքի դպրոցը կառուցվում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ եւ նախատեսված է 360 աշակերտի համար:

Պատվիրակությունն այցելել է նաեւ Գյումրիի «Երեխաների տուն» մանկատուն, որի երկու մասնաշենքերը հիմնանորոգվել են Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի հովանավորությամբ (բարերար` Համո եւ Թամար Գրիգորյաններ):