Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրանցքում հայտնաբերված ամուսիններ 79-ամյա Զավեն ու 73-ամյա Հռիփսիմե Սայադյանների մահվան փաստով հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Կոտայքի բաժնից: Քննությունը միայն պարզել է, որ ամուսինների մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ, իսկ մահվան պատճառն, ամենայն հավանականությամբ, դժբախտ պատահարն է, երբ ամուսիններից մեկը ընկել է ջրանցքը, իսկ մյուսը նետվել է օգնելու նպատակով եւ արդյունքում երկուսն էլ խեղդվել են: Ալափարսի գյուղապետ Վարդան Վարդանյանն էլ ասաց, որ նրանց հուղարկավորությունից հետո ամուսինների մասին գյուղում էլ չեն խոսում, հետեւաբար իրենք էլ չեն կարող ասել, թե ինչը կարող էր ամուսինների մահվան պատճառ դառնալ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ամուսինների մահվան փաստով քրեական գործ է հարուցվել 110 հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը): Այն պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով: Տեղեկացրել էինք նաեւ, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրանցքում հայտնաբերված ամուսիններ 79-ամյա Զավեն ու 73-ամյա Հռիփսիմե Սայադյանները մահվանից առաջ գնացել են թոշակ ստանալու` ալյուր են գնել, տարել տուն եւ նոր միայն ճանապարհվել Չարենցավան, որտեղ բնակվում են մյուս երկու որդիները: Սակայն ավելի ուշ ջրանցքից հայտնաբերվել են նրանց դիակները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ալափարսի գյուղապետ Վարդան Վարդանյանը: Նա նշել էր, որ թեեւ նախաքննություն է ընթանում, բայց կարծում է, որ կատարվածը ոչ թե ինքնասպանություն է, այլ՝ դժբախտ պատահար:
«Դա բաց ջրանցք է: Հավանաբար, կինը սայթակել ընկել է, իսկ ամուսինը նետվել նրան փրկելու: Երկու տղաները Չարենցավանում են ապրում, երեւի գնացել են նրանց տուն: Բայց հստակ ոչինչ չեմ կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել էր գյուղապետը՝ հավելելով, որ չի կարծում, թե կատարվածը սոցիալական պայմանների պատճառով ինքնասպանություն եղած լինի, քանի որ ինչո՞ւ պետք է խոր ծերության ժամանակ այդ քայլին գնային: Իսկ ընտանիքի ներսում անախորժություններից նա դժվարացավ խոսել, պատճառաբանելով, որ ընտանիքը մութ անկյուն է, փոխարենը հաստատեց, որ տարիներ առաջ ամուսինը դանակահարել է կնոջը, բայց դա շատ վաղուց է եղել:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, ժամը 15.57-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրանցքը (զին.կոմիսարիատի մոտակայք) մարդ է ընկել եւ չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Արգելի ջրամբարում տղամարդու դի կա: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:Որոնողական աշխատանքների ընթացքում ջրափրկարարները Արգելի ջրամբարում հայտնաբերել եւ դուրս են բերել ջրահեղձված տղամարդու (60-70 տարեկան, անձը չպարզված) եւ կնոջ (մոտ 60 տարեկան, անձը չպարզված) դիեր: Պարզվել էր, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրանցքում խեղդվածներն Ալափարս գյուղի բնակիչներ, ամուսիններ 79-ամյա Զավեն Սայադյանն ու 73-ամյա Հռիփսիմե Սայադյանն են եղել: Ի դեպ, Զավեն Սայադյանը Կոտայքի մարզի դատախազության դատախազ Պերճ Պողոսյանի քեռին է:




























