Ռուսաստանի Չիտա քաղաքում զանգվածային սպանություն է կատարվել։ Ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկաները մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը քաղաքամերձ ավանի տներից մեկում տղամարդու եւ երկու կանանց դիակներ են գտել՝ գլխի եւ մարմնի հրազենային վնասվածքներով։

Եւս մեկ տղամարդու տեղափոխել են հիվանդանոց՝ որովայնի հրազենային վնասվածքով։ Քիչ ավելի ուշ Չիտայի ոստիկանության աշխատակիցները հարեւան տանը եւս մեկ տղամարդու դիակ են հայտնաբերել՝ գլխի հրազենային վնասվածքով։

Զոհվածների մարմիններն ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության։ Քննիչները զանգվածային սպանության ականատեսների են փնտրում, հայտնում է eurosmi.ru-ն։

Այս պահին քննությունն արդեն ճշտել է զոհվածների ինքնությունը, որոնց թվում 17 եւ 29 տարեկան երկու կանայք կան, նաեւ՝ Պեսչանկայի 37-ամյա բնակիչ։ Բացի այդ, սպանվել է ԱՊՀ ասիական երկրներից մեկի 20-ամյա բնակիչ։ ԱՊՀ-ից գնացած եւս մեկ 30-ամյա եկվոր որովայնի հրազենային ծանր վնասվածք է ստացել եւ Չիտայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում է։

Նախնական տվյալով՝ զանգվածային սպանության պատճառը ալկոհոլային խմիչքներ օգտագործելիս ծագած վեճն է եղել։ Սակայն քննիչները դիտարկում են նաեւ սպանության շահադիտական վարկածը։