Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները «Զինապարտության ու զինծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է պատրաստել:

«Իզվեստիա» թերթի տվյալով` պատգամավորներն առաջարկում են 18 - 27 տարեկան կանանց թույլատրել ծառայել բանակում:

Փոփոխությունների հեղինակներից մեկը` Պետդումայի պատգամավոր Տատյանա Մոսկալկովան, հայտնել է, որ կանանց զորակոչի գլխավոր գաղափարներից մեկը տղամարդկանց եւ կանանց իրավունքների հավասարությունն է: Նա պարզաբանել է, որ չի կարելի կանանց զրկել բանակում ծառայելու իրավունքից, քանի որ դա պայմանավորված է «սեռային հավասարությամբ»:

 «Ռոսբալտը» գրում է, որ Superjob.ru կայքի հետազոտական կենտրոնի հարցման ընթացքում պարզվել էր, որ հարցվողների կեսը (49%) հավանություն է տալիս կանանց զորակոչի գաղափարին: Սակայն հավանական «զինակոչիկ» կանանց մեծամասնությունը  (18-27 տարեկան) չեն ցանկանում բանակում ծառայել: