95 տարի առաջ Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում եւ մանավանդ այստեղ՝ Սարդարապատում մենք ճակատագրական քննություն էինք հանձնում: Այդ մասին Սարդարապատում` Հանրապետության օրվա տոնակատարության կապակցությամբ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հանձնում էինք ազգովին՝ մեծով ու փոքրով, հոգեւորականով ու զինվորականով, դաշնակցականով ու կոմունիստով, պաշտոնյայով ու շինականով: Բոլորո՛վ: Պատմական Հայաստանի գոնե մի փոքր մասի գոյության համար կռվում էր հայրենաբնակ հայության վերջին հատվածը: Այստեղ մենք դիմագրավեցինք եւ հետ շպրտեցինք թշնամուն, որի ռասիզմի եւ հակահայ ծրագրերի մասին աշխարհում ոչ ոք այլեւս չուներ ո՛չ պատրանքներ եւ ո՛չ էլ կասկածներ: Այստեղ Արեւելյան Հայաստանի հայությունը փրկվեց վերահաս աղետից: Օսմանյան Թուրքիայում սկիզբ առած Մեծ եղեռնը, որ հետեւողականորեն շարունակվում էր ու տարածվում, կասեցվեց այստեղ՝ շնորհիվ մեր միասնական ոգու:

Եթե շատ ազգերի համար անկախության հռչակումը քաղաքական ակտ էր եւ նույնիսկ՝ հանդիսավոր արարողություն, ապա մեզ համար այն ծանր երկունք էր: Մենք նույնիսկ չգիտեինք, որ մայիսյան հերոսամարտերից մեկ-երկու օր անց անկախություն ենք հռչակելու: Հայաստանի պետականությունը մենք կերտում էինք ուղղակի կռվի դաշտում՝ մեծագույն զոհողությունների ու կորուստների գնով: Արյամբ ու հավատով, իրար թիկունք պահելով ու առաջ նայելով: Միասին:

1918 թվականի մայիսի 28-ը արձանագրումն է մեր ֆիզիկական փրկության եւ քաղաքական վերածննդի: Արձանագրումն է մեր ժողովրդի արիության ու բազկի ուժի, ինչը հետագայում փառահեղորեն դրսեւորվեց նաեւ Մեծ հայրենականի ճակատներում ու Արցախյան գոյամարտում: Եվ այսօր այստեղ՝ Սարդարապատում կանգնած հայ զինվորի խրոխտ քայլերթն ու հաղթական ոգին լավագույն ապացույցն են այն բանի, որ մենք գիտենք լինելու ու հաղթելու բանաձեւը»:

«Ինչո՞ւ ենք մենք այստեղ հուշարձան կանգնեցրել եւ ինչո՞ւ ենք պարբերաբար գալիս այստեղ: Սեւակն ասում էր. «Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»: Մենք կարիք ունենք հիշելու եւ հիշեցնելու, երիտասարդ սերունդներին նաեւ փոխանցելու կարեւոր պատգամներ, որ մեզ թողել են Մայիսի 28-ը նախապատրաստողներն ու կերտողները:

Եղե՛ք միասնական: Եղեք՛ պետականորեն կազմակերպված: Ապավինե՛ք սեփական ուժերին:

Այս պարագայում մենք ի զորու ենք ոչ միայն վերականգնել դարերով ընդմիջված պետականությունն ու անկախությունը, այլեւ այդ պետությունը տանել դեպի լուրջ բարձունքներ: Դրանց մեկնարկը տրվել է այստեղ, եւ այսօր մենք այստեղ կանգնած ենք բաց ճակատով՝ որպես ազատ ու անկախ երկրի հպարտ քաղաքացիներ, որպես հերոս պապերի ժառանգորդներ»,- նշել է նախագահը: