Ռուսաստանցի հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանը մայիսի 28-ին սրտի բարդ վիրահատության է ենթարկվել: Պետրոսյանին վիրահատել է Բակուլեւի անվան սրտանոթային վիրաբուժության մոսկովյան կենտրոնի ղեկավար, սրտաբան Լեո Բոկերիան:
Life News-ին հայտնի է դարձել, որ 67-ամյա արտիստը ենթարկվել է սրտի բաց վիրահատության: Հիվանդանոցում պատմել են, որ փոխել են նրա սրտի փականը եւ երկու ստենտ են տեղադրել:
Պետրոսյանը հայտնի սրտաբանական կենտրոն էր դիմել դեռ նախանցյալ շաբաթվա վերջին: Մի քանի օրվա ընթացքում արտիստը մանրամասն հետազոտվել էր, որից հետո նրան ենթարկել էին անոթային հետազոտության: Այդ ժամանակ Եվգենի Պետրոսյանը ելույթի համար լքել էր հիվանդանոցը, սակայն արդեն գիտեր, որ պետք է վիրահատվի:
Վիրահատությունից հետո հումորիստին վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, որտեղ նա հետվիրահատական վերականգնում է անցնելու:



























