Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հանրապետության տոնն անցկացրել է Շիրակի մարզում: Տիգրան Սարգսյանի եւ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի մասնակցությամբ Գյումրիում բացվել են վերակառուցված վագոնային վերանորոգման եւ լոկոմոտիվային դեպոները: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Տիգրան Սարգսյանը նախ շնորհավորել է բոլորին հանրապետության տոնի կապակցությամբ եւ նշել, որ առաջին հանրապետության ստեղծումը մեծ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի համար, քանի որ այդպիսով սկիզբ է դրվել մեր նորագույն պատմությանը:
Անդրադառնալով Հայաստանի երկաթուղային համակարգի զարգացմանը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Յակունինին՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի կոնցեսիոն կառավարումն արդյունավետ իրականացնելու համար: «Տարեցտարի աճում են եւ բեռնափոխադրումների, եւ ուղեւորափոխադրումների ծավալները: Մեծ աշխատանքներ են տարվում նաեւ երկաթուղային ճանապարհների վերանորոգման ուղղությամբ: Մեր աչքերի առջեւ աստիճանաբար զարգանում է Հայաստանի երկաթուղային համակարգը, ինչը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման եւս մեկ օրինակ է»,- նշել է կառավարության ղեկավարը:
Գյումրու լոկոմոտիվային դեպոյի վերակառուցման հիմնական աշխատանքները սկսվել են 2010 թվականից, որի համար ներդրվել է 93,5 մլն ռուբլի, եւս 48,4 մլն գումար ուղղվել է շարժակազմի նորոգմանն ու տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերմանը: Լոկոմոտիվային դեպոյի սարքավորումների պարկն էապես թարմացվել է, գնվել են 25 միավոր հիմնական եւ 6 միավոր ախտորոշման սարքավորումներ: Ներկայում ստեղծված են անիվային զույգերի, էլեկտրական շարժիչների վերանորոգման ու օդային պահեստավորման փորձարկման համար նախատեսված նոր տեղամասեր: Այս ամենը թույլ կտա բարձրացնել լոկոմոտիվային դեպոյում իրականացվող աշխատանքների որակը` այսպիսով բարձրացնելով Հայաստանում երկաթուղու անվտանգ երթեւեկության մակարդակը:
Վագոնային վերանորոգման դեպոյի վերակառուցման համար ներդրվել է 35,1 մլն ռուբլի, գնվել են 20 մլն ռուբլու տեխնոլոգիական սարքավորումներ:
Այնուհետեւ, Տիգրան Սարգսյանն այցելել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի գլխավոր մասնաշենք` ծանոթացել վերջինիս հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետին վստահեցվել է, որ շինաշխատանքներն ընթանում են ըստ նախանշված ժամանակացույցի եւ բարձր որակով: Նախատեսվում է շինաշխատանքներն ավարտին հասցնել 2013 թվականի վերջին: Արդեն իսկ միջազգային տարբեր ընկերություններից տեխնոպարկում գործունեություն ծավալելու հայտեր են ստացվել:
Իր հերթին, միջազգային D-Link ընկերությունը տեխնոպարկին կից մտադիր է նոր կառույց հիմնել, որտեղ կտեղակայվեն ընկերության մասնաճյուղերը:































