Արձակագիր Լեւոն Խեչոյանը հրաժարվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալից։ Այս մասին գրում է«Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Հանրապետության տոնի առթիվ Սերժ Սարգսյանը երեկ պետական պարգեւներ եւ կոչումներ է շնորհել մի խումբ անձանց, այդ թվում՝ Խեչոյանին։
Մեր թղթակցի հետ զրույցում արձակագիրը, պատճառաբանելով իր քայլը, ասել է, որ չի կարող ընդունել այդ մեդալը, երբ այս չափերի արտագաղթ կա երկրում եւ երբ իր եղբայր ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, նստացույց են անում։ Նա նկատել է, թե գուցե մի քիչ ինքն էլ է մեղավոր ստեղծված իրավիճակի համար։ «Գուցե լավ չեմ գրել իմ գրքերը, մարդկանց չեմ կարողացել համոզել, չլիներ այդպիսին, որ երկրում էլ այս վիճակը չլիներ»,- ասել է նա եւ մեր թղթակցի դիտարկմանը, թե գուցե ինքը գրել է, կարդացողները լավ չեն կարդացել, պատասխանել է, որ արվեստի գործը տարածության մեջ բնազդով է ընկալվում»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):



























