Թունիսում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակված քսան անձինք դատապարտվել են երկու տարվա պայմանական ազատազրկման: Ընդ որում` մեղադրյալների փաստաբանը չի բացառել բողոքարկումը:
Հիշեցնենք, որ 2012թ. սեպտեմբերի 14-ին ուլտրապահպանողական մահմեդականները, բողոքելով Մուհամեդ մարգարեի մասին ԱՄՆ-ում նկարահանված «Մահմեդականների անմեղությունը» սադրիչ ֆիլմի դեմ, Թունիսում հարձակվել էին ԱՄՆ-ի դեսպանատան եւ դպրոցի վրա: Անկարգությունների հետեւանքով զոհվել էր չորս մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին:
Ըստ իշխանությունների տվյալների` հարձակումը կազմակերպել էր տեղի սալաֆիթների «Անսար աշ-շարիա» խմբավորման առաջնորդ Սեյֆուլա իբն Հուսեյնը, որն ավելի շատ հայտնի է որպես Աբու Այադ: Ներկայումս նա հետախուզվում է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Associated Press-ին վկայակոչելով` lenta.ru-ն հայտնում է, որ Թունիսում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակման կասկածանքով ձերբակալվել էր 73 մարդ: Սակայն հարձակմանը նրանց մեծամասնության մասնակցությունը չէր հաջողվել ապացուցել, որի հետեւանքով էլ դատարանի առաջ կանգնել էին միայն նրանցից քսանը:




























