Երեւանի Արաբկիր եւ Քանագեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություններում ծառայողական քննություն է նշանակվել, սակայն դա ոչ մի առնչություն չունի մամուլում շրջանառվող տեղեկությունների հետ, թե շրջանային դատախազների եւ նրանց աշխատակիցների միջեւ միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ նշելով, որ չի մեկնաբանում միջադեպի մասին լուրերը: «Ծառայողական քննությունը նշանակված է կոնկրետ քրեական գործի հետ կապված, որտեղ խախտումներ են արձանագրվել»,-պարզաբանեց Տռուզյանը:

Հիշեցնենք, որ ըստ «Հրապարակ» թերթի, օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունում: Համայնքի  դատախազ Գեւորգ  Երեմյանը, շատ պատահական, ականջալուր է եղել իր ենթակաների զրույցին, ովքեր կոպիտ խոսքերով՝ ընդհուպ հայհոյանքներով, իրենից են բամբասել: 

Դատախազն իր մասին «ողջ իրողությունը» լսելուց հետո հաշիվ է պահանջել, ինչն էլ վերածվել է վիճաբանության: Ապա բանը հասել է  դիվանբաշուն՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, եւ վերջինս ծառայողական քննություն է նշանակել:

Լուրի իսկությունը փորձեցինք ճշտել դատախազությունից, սակայն մամուլի խոսնակն ասաց, թե տեղյակ չէ դեպքից եւ պարզաբանում կտա այսօր: