Նախագահական նստավայրի դիմաց, այսօր` մայիսի 29-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել «Արմավիայի» մոտ 30 աշխատակիցներ (ֆոտոռեպորտաժ): Նրանք ակցիայի էին դուրս եկել առանց պաստառների եւ վանկարկումների: Նախկին աշխատակիցները դժգոհում էին, որ արդեն  մոտ 7 ամիս է, ինչ իրենց աշխատավարձ չեն վճարել եւ պահանջում էին իրենց աշխատավարձերը:

Նրանց խոսքով՝ իրենք նամակ են գրել Սերժ Սարգսյանին, սակայն պատասխանն ուղարկվել է «Արմավիա» ընկերություն: Ցույցի մասնակիցները նշել են նաեւ, որ «Արմավիա» ընկերության ղեկավար Միխայիլ Բաղդասարովը հայտարարել է, որ այդ նամակի տակ ստորագրողներն ամենավերջինն են ստանալու աշխատավարձը:

Նախագահական նստավայրից նրանք ուղեւորվեցին Սախարովի հրապարակ՝ «Արմավիայի» գրասենյակ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Արմավիա» ավիաընկերության նախկին օդաչուները, բորտուղեկցորդներն ու ավիաինժեներները հայտարարել են, որ ընկերությունն իրենց 7 ամսվա աշխատավարձը չի վճարել: Բացի այդ, նրան նշել են, որ 2011 թվականից սոցվճարներ չեն արվել իրենց անունով. պահումներն արվել են, աշխատավարձ ստացել են, բայց հիմա պարզվել է, որ 2011-ից մինչ 2012թ. նոյեմբեր ընկերությունը սոցվճարներ չի արել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am