ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա հունիսի 5-ին Մինսկում, հայտնել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության մամուլի քարտուղար Միխայիլ Սեւաստյանովը:
Ըստ նրա՝ մասնակիցները 20-ից ավելի հարց կքննարկեն՝ ուղղված ԱՊՀ տարածքում բազմակողմ գործընկերային համագործակցության համակարգի կատարելագործմանը, ռազմական ոլորտում փոխշահավետ փոխգործակցության զարգացմանը:
Օրակարգում է նաեւ 2014թ. զինված ուժերի համատեղ միջոցառումների ցանկի համաձայնեցումը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
Բացի այդ, կգնահատվի 2012թ. ԱՊՀ երկրների զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգությունը: Կամփոփվեն նաեւ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի կազմավորմանը նվիրված լրագրողական լավագույն ստեղծագործության միջազգային երկրորդ մրցույթի արդյունքները, նաեւ կորոշվի 2013թ. «Համագործակցության մարտիկ» զինվորական վարպետության մրցույթի անցկացման հարցը:




























