Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեդալներ է շնորհել Աֆղանստանում խաղաղապահ գործունեությանը՝ մասնակցած հայ զինծառայողներին:  8 մեդալների շնորհման արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 29-ին՝ Խաղաղապահի օրվա առթիվ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ Ջեֆրի Սթիմփսոնն ընդգծել է, որ ամերիկյան կողմը բարձ է գնահատում հայ խաղաղապահների պրոֆեսիոնալիզմը եւ նրանց ներդրումը միջազգային խաղաղապահ գործունեության մեջ: «Հայաստանը ՆԱՏՕ-ի համար արժանի գործընկեր է»,-հայտարարել է Սթիմփսոնը:

Հիշեցնենք, որ Հայաստանը Կոսովոյում խաղաղապահ գործունեությանը՝ մասնակցում է 2004-ի փետրվարի 12-ից: Հայկական «երկնագույն սաղավարտները» ծառայություն են իրականացնում Ուրոշեւաց քաղաքում, հունական գումարտակի կազմում:

Հայաստանը խաղաղապահ առաքելությանը մասնակցում է նաեւ Աֆղանստանում, 2010-ի հունվարից: Հայկական ստորաբաժանումը գործում է գերմանական զորախմբի կազմում եւ ծառայություն է իրականացնում Մազարի Շարիֆում եւ Քունդուզի օդանավակայանում:
Ավելի վաղ Հայաստանը մասնակցել է նաեւ Իրաքում խաղաղապահ առաքելությանը: