Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց այսօր` մայիսի 29-ին, հավաքվել էին մի խումբ բնապահպան-ակտիվիստներ, ովքեր սպասում են Ուելսի Արքայազն Չարլզի ժամանելուն:
Այդ նույն ժամանակ Հայաստանի քաղաքական էլիտան` բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, պատգամավորներ եւ այլն, մասնակցում էին արքայազնի պատվին կազմակերպված համերգին:
Տարածքը եւ դեպի օպերա տանող ճանապարհները հսկում էին մեծաթիվ ոստիկանները: Իսկ ակտիվիստները կոչ էին անում արքայազնին հեռու մնալ Հայաստանի հանքերից` «արքայազն, այ ընկեր, մենք չենք ուզում քեզ ուտել, քեզ վայել չէ հետնամուտք, մենք չենք խաղում Ռոբին Հուդ»:
Հիշեցնենք, որ երեկ ակտիվիստները բողոքի ակցիա անցկացրին Մատենադարանի մոտ, որտեղ ետնամուտքով այցելել էր արքայազն Չարլզը: Նրա այցը Հայաստան կապվում է ոսկու հանքավայրի շահագործման հետ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























