Սերգեյ Կուրղինյանը Ռուսաստանի քաղաքական շրջանակներին չի ներկայացնում, եւ նրա հայտարարությունները քաղաքական իրականության սիրողական մեկնաբանություններ են: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով՝ անհասկանալի է ողջ այն իրարանցումը, որը ծագել է Հայաստանում: «Սերգեյ Կուրղինյանի հայտարարությունները որեւէ կապ չունեն ոչ հայ-ռուսական հարաբերությունների իրական աստիճանի, ոչ ընդհանրապես մեր տարածաշրջանում վարվող քաղաքականության հետ»,-ընդգծեց Մինասյանը:

Հիշեցնենք, որ ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի խոսքով՝ հայ-ռուսական բանակցությունները պետք է կայանան երկու տրամաբանություններից մեկի հիման վրա՝ վստահություն կամ փոխադարձ շահեր:

«Հենց որ դուք միացնում եք փոխադարձ շահերի տրամաբանությունը, մոռացեք վստահության մասին: Կապիտալիզմը հենց դրանով էլ սարսափելի է: Ձեզ հետաքրքրում է միայն ռուսներից ավելի շատ ստանալը, դուք խոսում եք գազի մասին: Բայց Ռուսաստանին հետաքրքրում է նույնը, ուստի նա զենք է վաճառում Ադրբեջանին: Փոխադարձ շահերի տրամաբանությունը վստահության տրամաբանությամբ փոխելու համար պետք է վերադառնալ նրան, ինչը վստահություն է առաջացնում: Հայաստանը Ռուսաստանի հետ գազից ու զենքից խոսելուց բացի այլ խոսալու թեմաներ էլ ուներ, բայց այդ ժամանակներն անցել են: Եթե այդ խոսակցությունը վերականգնվի, այդ ժամանակ Հայաստանը Ռուսաստանի համար «մերոնքական» կդառնա եւ անբնական կհամարվի այլ կողմի զենքի վաճառքը»,-հայտարարել էր Կուրղինյանը: