BBC-ի կայքում հրապարկվել է կովկասյան թղթակից Դեմիեն Մաքգինեսի հոդվածը, որը NEWS.am-ը ներկայացնում է կրճատումներով.
Վերջին երկու տարվա ընթացքում տասնյակ լրագրողներ, ընդդիմադիր ակտիվիստներ եւ բլոգերներ են ձերբակալվել Ադրբեջանում` խուլիգանության կամ թմրանյութերի ապօրինի պահպանման մեղադրանքով: Սակայն, ըստ մարդու իրավունքների հարցերով խմբի, մեղադրանքները կեղծ են. ավտորիտար կառավարությունը փորձում է արմատախիլ անել ցանկացած ընդվզում, ասում են նրանք: Իսկ հիմա, հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին, իշխանությունները մեծ ճնշում են գործադրում:
Համաձայն նոր կանոնների` քաղաքի կենտրոնում հակակառավարական ցույցերի մասնակիցներին մեծ տուգանքներ են սպառնում, իսկ զրպարտության մասին նոր օրենքը քրեականացնում է ինտերնետում քննադատությունը:
Նախագահ Իլհամ Ալիեւը, որի ընտանիքը կառավարում է տասնամյակներ շարունակ, ձգտում է հաղթել նախագահական ընտրություններում: Սակայն հիմա կան նշնաններ, որ դժգոհությունը դուրս է գալիս ավանդաբար երիտասարդ ընդիմադիրների եւ ակտիվիստների շրջանակից: Վերջին ակցիաներին մասնակցում են ադրբեջանական բանակում դաժան վերաբերմունքի պատճառով կամ անհասկանալի հանգամանքներում զոհված զինվորների մայրերը, տեղի կրպակատերերը, ովքեր բողոքում են կոռուպցիայի դեմ:
Կա կասկած, որ կառավարությունն այս դժգոհությանը փորձում է հակազդել` ազգայնական տրամադրություններ առաջացնելով: «Կարծում եմ, նախագահի ընտանիքն օգտագործում է ազգայնական քարտը` մարդկանց իրական խնդիրներից շեղելու համար, այնպիսիք, ինչպիսիք է կառուպցիան: Նրանց հարկավոր է արտաքին թշնամի` մարդկանց վերահսկելու համար»,- ասում է լրագրող Հադիջա Իսմաիլովան: Ադրբեջանն էլ ունի այդ թշնամին` Հայաստանը:
Այս տարի սկանդալ էր ծագել գրող Աքրամ Այլիսլիի գրքի հետ կապված, որտեղ կարեկցաբար էր խոսվում հայերի մասին: Նրա գրքերը հրապարակավ այրվեցին, նա զրկվեց գրական մրցանակներից եւ նախագահ Ալիեւի թոշակից: Նա քննադատվեց որպես ազգային չարագործ: «Ինչի՞ց է վախենում կառավարությունը»,-ասաց տարեց գրողը` տխուր տարուբերելով գլուխը, երբ ես այցելեցի նրան:
Մյուս կողմից էլ 2004 թ-ին Հունգարիայում քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սֆարովը վերածվեց ազգային հերոսի:
«Կարծում եմ, որ ղեկավարները պարզապես սիրում են հակամարտությունը, օգտագործում են այն: Հենց հիմա ճիշտ կլիներ Հայաստանի քաղաքացիների ընդունել Ադւբեջանում: Բայց դա վերջ կդներ հակամարտությանը, իսկ կառավարությունը դա չի ցանկանում»,-ասում է լրագրող Իսմաիլովան:




























