Երեւանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակիչ, 70-ամյա Ամալյա Նազարեթյանի բուժումը արդյունավետ է, նա բավականին հանգիստ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավանի հոգեբուժարանի տնօրեն Արեգա Հակոբյանը:
Նա նշեց, որ կնոջն այցելել են ներկայացուցիչներ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ոստիկանությունից, նա զրուցել է վերջիններս հետ: Արեգա Հակոբյանը նշեց, որ թույլ չի տա նրան հանդիպել լրագրողների հետ, քանի որ ամեն հանդիպումից հետո նրա վիճակը սրվում է. «Թող ինքը դուրս գրվի, գնացեք իրենց տուն, խոսեք: Այդ կինը առողջ չէ, ճիշտ չէ անընդհատ բզբզել: Նպատակահարմար չէ լրագրողների հետ հանդիպելը, մենք հիվանդ ենք բուժում, դուք էլ ձեր գործով զբաղվեք»,- նշեց նա:
Տնօրենի խոսքով` եթե ամեն ինչ նորմալ լինի, ապա Ամալյա Նազարեթյանը կարող է դուրս գրվի մյուս շաբաթ: Նա նշեց, որ աշխատում են տիկնոջ հետ չխոսել «Իդեալ» խանութից, քանի որ դա ցավոտ թեմա է նրա համար:
Ի դեպ, մեզ հաջողվել է պարզել, որ Ամալյա Նազարեթյանը մի քույրը մահացած է, եղբայրը այժմ գտնվում է Վրաստանում, կաթված է ստացել, եւս երկու քույր ունի: NEWS.am-ի թղթակիցը այցելել է Ամալյա Նազարեթյանի քույրերից մեկին` Գայանե Նազարեթյանին, սակայն վերջինս ցանկություն չունի լրագրողների հետ խոսել: Նա հարեւանների միջոցով մեզ փոխանցեց, որ չի ցանկանում որեւէ մեկին տեսնել, զրուցել, իսկ մեր այցելության ժամանակ չբացեց դուռը եւ չպաըասխանեց զանգերին: Հարեւանները մեզ պատմեցին, որ նա մեկնել է գյուղ: Ի դեպ, Գայանե Նազարեթյանի հարեւանները ճանաչում էին Ամալյա Նազարեթյանին, ասում են, որ նա նորմալ, հանգիստ կին է, որեւէ հոգեկան շեղում չունի, տարիներ շարունակ մանկավարժ է աշխատել քոլեջում:
Հիշեցնենք, որ արդեն մոտ 10 օր է` Երեւանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակիչ, մոտ 70-ամյա Ամալյա Նազարեթյանը գտնվում է Ավանի հոգեբուժական կլինիկայում: «Հայկական ժամանակը» գրել էր, որ Նազարեթյանի բնակարանը զբաղեցնում է նույն շենքի առաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի երկրորդ հարկը: «Եվ ահա, ըստ հարեւանուհու, խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել աոաջին եւ երկրորդ հարկերի միջեւ: Ամալյա Նազարեթյանը որպես բնակիչ դեմ է եղել: Բավական երկար ժամանակ նրա եւ խանութի ներկայացուցիչների միջեւ լարված հարաբերություններ են եղել, քանի որ Նազարեթյանը խնդրով պարբերաբար դիմել է ոստիկանություն: Եվ ահա, օրերից մի օր այս հարեւանուհուն է մոտեցել թաղային ոստիկանը ձեռքին մի թուղթ եւ հորդորել ստորագրել այդ թղթի տակ առ այն, որ Ամալյա Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի: Հարեւանուհին հրաժարվել է ստորագրել, քանի որ այդ կինը հոգեկան խնդիրներ չի ունեցել: Ըստ նրա տեղեկությունների, հարեւաններից որեւէ մեկը չի ստորագրել թղթի տակ: Իսկ արդեն մի քանի օր անց նրանք ականատես են եղել, թե ինչպես է մի մեծ մեքենա կանգնել շենքի բակի տաղավարի մոտ, վեճի ձայներ են լսվել, Ամալյա Նազարեթյանը տարածքում գտնվող շենքի հավաքարարուհուն խնդրել է ասել, որ ինքը հոգեկան հիվանդ չէ. ապա նրան բռնի ուժով դրել են մեքենան ու տարել: Ավելի ուշ հարեւանները պարզել են. որ նրան տեղափոխել են հոգեբուժարան»,- գրել է թերթը:
Իսկ հոգեբուժարանի տնօրեն Արեգա Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, թե չի բացառվում, որ 10 օր առաջ իրենց մոտ տեղափոխված Երեւանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակիչ, 70-ամյա Ամալյա Նազարեթյանը «Իդեալ» խանութի հետ խնդիրներ է ունեցել, բայց վստահեցրել էր, որ վերջինս հոգեկան հիվանդ է եւ նրան հոսպիտալացնելու համար Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը չի միջամտել: Նա նշել է, որ Ամալյա Նազարեթյանը անհանգստացրել է բնակիչներին, ագրեսիվ, ոչ ադեկվատ վարքագիծ է ցուցաբերել, նրանք դիմել են ոստիկանություն, վերջինս էլ` «Շտապօգնություն», եւ հոգեբուժական բրիգադան, որի մեջ կա նաեւ հոգեբույժ, նայել է կնոջը ու որոշել, որ բնակիչը հոգեկան հիվանդ է եւ կարիք կա տեղափոխել հիվանդանոց:



























