«168 ժամ» թերթի տեղեկություններով, ԲՀԿ-ում արդեն գրեթե հրապարակավ պահանջում են, որ Գագիկ Ծառուկյանը կուսակցությունից հեռացնի ԱԺ ԲՀԿ խմբակցության երեք պատգամավորներին՝ Հարություն Ղարագյոզյանին, Դավիթ Քոչարյանին եւ Գրիգորի Մարգարյանին: Նրանց մեղադրում են կուսակցական կարգապահությունը խախտելու, կուսակցության խմբակցության կառավարության ծրագրին դեմ քվեարկելու որոշումը չկատարելու համար:
Այս մասին գրում է «168 ժամ» թերթը եւ հավելում. «Իրականում կուսակցության մի թեւի ներկայացուցիչները փորձում են ներկուսակցական «չիստկա» իրականացնել եւ ԲՀԿ-ն մաքրել ոչ ցանկալի տարրերից, նրանցից, ովքեր ԲՀԿ-ի առաքելությունը համարում են ոչ թե այլընտրանք կամ ընդդիմություն լինելը, այլ իշխանության հետ համագործակցությունը:
Այս մարդիկ ԲՀԿ-ական են դարձել հենց ԲՀԿ-ի կոալիցիոն կուսակցություն լինելու հանգամանքը հաշվի առնելով: Իհարկե, նշված պատգամավորներն առայժմ հրապարակավ հերքում են իրենց հետ կապված ներկուսակցական դժգոհությունների առկայության փաստը: Գրիգորի Մարգարյանը եւ Հարություն Ղարագյոզյանը երեկ մեր թղթակցին տեղեկացրել են, որ իրենք մտադրություն չունեն ինքնակամ հեռանալ կուսակցությունից, իսկ իրենց հեռացնելու խոսակցությունները համարել են հերյուրանք»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























