Հայաստանում ընդդիմություն, որպես այդպիսին, չկա: Այս մասին այսօր` մայիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը եւ ավելացրեց, որ խոսքը միասնական ընդդիմության մասին է:

«Այսօր տեսեք, թե քանի ընդդիմություն կա: Երկրի հզորացման համար միասնական ընդդիմությունը մեծ դերակատարում ունի: Ես ոչ մի բանից չեմ վախենում, հատկապես ընդդիմությունից: Ես էլ եմ ժամանակին ընդդիմություն եղել, ո՞վ է ինձնից վախեցել: Ստալինի ժամանակ, Նեոնի ժամանակ են վախեցել: Դա օրինաչափ է»,- ասաց Համլետ Հարությունյանը:

Անդրադառնալով փաստին, որ Սերժ Սարգսյանը չմասնակցեց ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին, Համլետ Հարությունյանն ասաց. «Հիմա նախագահը մեր ազգային տոնը չի թողնելու գնա Բիշքեկ: Միայն նախագահը եւ անվտանգության խորհրդի անդամները կարող են իմանալ, թե ինչի չի գնացել: Ի՞նչ վատ կլինի, որ նախագահը դեմարշ արած լինի: Դա կվկայի նաեւ, որ մենք անկախ պետություն ենք եւ նախագահն ընդառաջ է գնում ժողովրդի շահերին»: