Հայաստանը պատրաստ է նպաստել աբխազական երկաթուղու բացման գործընթացին: Այդ մասին այսօր՝ մայիսի 30-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ 2012 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանի հարցին:

Պատգամավորին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ Ռուսաստանը հայտարարություններ չի անում աբխազական երկաթուղու շահագործման մասին: Շ. Քոչարյանն ասաց, որ, անկասկած, Ռուսաստանը շահագրգռված է երկաթուղու վերաբացմամբ, ու դրա պատճառներն ակնհայտ են:

Նա հիշեցրեց, որ 2008 թ. վրաց-ռուսական պատերազմից հետո վերաբացվեց Վերին Լարսի անցակետը, ընդ որում՝ վրացական ու ռուսական կողմերի միջեւ բանակցություններն ընթացան Երեւանում:

«Երեւանում առաջին անգամ այդ պատերազմից հետո ռուսներն ու վրացիները մի սենյակում հավաքվեցին, բանակցություններ ընթացան ու  դրանից հետո Վերին Լարսը վերաբացվեց: Մենք մեր կողմից պատրաստ ենք նպաստել, որ աբխազական երկաթուղին եւս վերաբացվի, դա արագ լուծվող հարց չի, բայց մյուս կողմից անլուծելի չէ»,- ասաց Շ. Քոչարյանը: