Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը ողջունել է Վրաստանում 2012թ. հոկտեմբերի 1-ին խորհրդարանական ընտրությունների միջոցով կառավարության փոփոխությունը, եւ կարծում է, թե դա «չափազանց կարեւոր է այն մթնոլորտի ստեղծման համար, որը անհրաժեշտ է իշխանության հանձնմանը»: Մինյոնն այդ հայտարարությունն արել է Վրաստան կատարած այցի ընթացքում:

Ժան-Կլոդ Մինյոնը նկատել է, որ հանդիպման ընթացքում վրացի գործիչներին, մասնավորապես վարչապետ Իվանիշվիլիին ծանոթացրել է միջազգային հանրության մտահոգության հետ` կապված ընդդիմադիր կուսակցության անդամների ձերբակալության, մասնավորապես նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի կալանքի հետ: «Այդ գործընթացները հատուկ մտահոգություն են հարուցում, քանի որ դրանք տեղի են ունեցել ընտրություններից մի քանի ամիս առաջ»,- ասվում է հայտարարության մեջ:

ԵԽԽՎ-ն Վրաստանի քաղաքական ուժերին քաղաքական գոյակցության մշակույթի զարգացում է առաջարկել, հաղորդում է «Գրուզիա Online»-ը: