Բնապահպանության նախարարությունում այսօր՝ մայիսի 31-ին, անցկացվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում: Օրենքի նախագիծը մինչ այդ քննարկվել եւ ընդհանուր առմամբ հավանության էր արժանացել Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի միջգերատեսչական հանձնաժողովում:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նախագահությամբ կազմակերպված քննարկմանը մասնակցել են բնապահպանության ոլորտում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ անկախ փորձագետներ:
Բնապահպանության նախարարն ողջունելով քննարկման մասնակիցներին՝ տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել տարբեր ձեւաչափերով:
Նախարարը շեշտել է, որ մինչ այժմ ստացված բոլոր ողջամիտ առաջարկները ներառվել են օրենքի նախագծում եւ հանրային քննարկման արդյունքում եւս հնչած հիմնավոր առաջարկները հաշվի կառնվեն: «Մեր ցանկությունն այն է, որ Օրենքի փոփոխությունների փաթեթը լինի ամբողջական, բազմակողմանի քննարկված եւ բոլորի շահերը հաշվի առնող նախագիծ»,-նշել է Արամ Հարությունյանը: ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Սիմոն Պապյանը, անդրադառնալով օրենքի նախագիծը նախապատրաստող աշխատանքային խմբին, նկատել է, որ խմբի 9 անդամներից 6-ը ներկայացնում են հասարակական կազմակերպությունները՝ ինչը փաստում է դրա մշակման գործընթացին հասարակության մասնակցության մասին: Օրենքի նախագիծը ներկայացրել են աշխատանքային խմբի անդամներ Ազգանուշ Դռնոյանը («Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ) եւ Արթուր Գրիգորյանը («Էկո դար» ՀԿ-ի իրավաբան): Ելույթներով հանդես են եկել Ինգա Զարաֆյանը («Էկոլուր» ՀԿ նախագահ), անկախ փորձագետ Սրբուհի Հարությունյանը եւ ՙԴալմա-Սոնա՚ հիմնադրամի նախագահ Ռուզան Ղազարյանը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում եւ շահագրգիռ քննարկում:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը քննարկման ավարտին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր շահագրգռված են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի ընդունումով եւ իրենց դիտարկումներն են ներկայացրել օրենքի գործնական կիրառման դեպքում հնարավոր խնդիրները կանխելու հարցում: Նախարարը քննարկման մասնակիցներին մեկ անգամ եւս հավաստիացրել է, որ բոլոր հիմնավոր առաջարկները կներառվեն օրենքի նախագծում: Արամ Հարությունյանն առաջարկել է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել բոլոր նոր առաջարկները օրենքի վերաբերյալ:































