Հայաստանի սփյուռքի նախարարության եւ Հայաստանի երաժշտական ընկերության աջակցությամբ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել սիրիահայերի «Կարոտ» երգչախմբի համերգը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի ղեկավարությամբ եւ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի վաստակավոր անսամբլի մասնակցությամբ:
Համերգի ընթացքում հնչել են հայերեն եւ արաբերեն կատարումներ: Ներկաներին ցուցադրվել է 1964թ Թ.Ալթունյանի անսամբլի՝ Սիրիա այցելության մասին տեսաֆիլմ: Համերգին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հայաստան տեղափոխված սիրիահայեր դոկտոր Պետրոս Բոյաջյանի, դոկտոր Ռոբերտ Սուլայանի, Հրայր Ագիլյանի, տիկին Բետի Մինասյանի, ինչպես նաեւ Ժիրայր Ալթունյանի նախաձեռնությամբ 2013 թվականի հունվարի սկզբին ստեղծված այս երգչախմբի նպատակն է շարունակել սիրիահայության մշակութային ավանդույթները եւ աջակցել նրանց ինտեգրմանը հայաստանյան հասարակական կյանքին: Երգչախմբի կազմում են 40 սիրիահայեր, ովքեր ներկայացնում են հայկական ժողովրդական, հայրենասիրական, ինչպես նաեւ՝ արաբական երգեր:
Համերգից ստացած հասույթը տրամադրվելու է Հայաստանում գտնվող սիրիահայ կարիքավոր ընտանիքներին:




























