Քաղաքագետ Արկադի Վարդանյանի պաշտպանությունն ստանձնել է փաստաբան Գայանե Գալոյանը՝ փաստաբան Նարինե Ռշտունու փոխարեն, որի ծառայություններից մեղադրյալը հրաժարվել էր:
Մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստության մեջ մեղադրվող Արկադի Վարդանյանի նոր պաշտպան Գայանե Գալոյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է, որ չի բողոքարկելու իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը, որովհետեւ նրա պաշտպանությունը ստանձնելու պահին բողոքարկման ժամկետը սպառվել էր:
Նախորդ պաշտպան Նարինե Ռշտունին եւս չէր հասցրել Վերաքննիչ քրեական դատարան բողոքարկել իր պաշտպանյալին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Ա.Վարդանյանի՝ իր ծառայություններից հրաժարվելու պատճառով:
Ըստ ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության Մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության, Երեւանում ձերբակալվել էին Արսեն Ավետյանը եւ Արկադի Վարդանյանը՝ Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Ավետյանի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով: Ըստ ԱԱԾ-ի, Արսեն Ավետյանը եւ Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել եւ պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար:
Ստացված տեղեկությունների հիման վրա դեռեւս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ եւ 8-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն):




























