Ստամբուլի ոստիկանությունը կրկին ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է կիրառել այսօր՝ հունիսի 1-ին, քաղաքի Թաքսիմ հրապարակում հավաքվել փորձող բողոքավորների խմբերի նկատմամբ, հայտնում է Agence France-Presse-ը:

Reuters-ի տվյալով՝ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախում է տեղի ունեցել նաեւ Պեշիկթաշ շրջանում՝ Բոսֆորի ափերին, գրում է lenta.ru-ն:

NEWS. am-ը հայտնել էր, որ թեեւ ոստիկանների ձեռնարկած միջոցառումներին, հունիսի 1-ի վաղ առավոտյան քաղաքացիների նոր խմբեր են շարժվում դեպի «Գեզի» զբոսայգի, եւ ոստիկանությունն արդեն նրանց դեմ գործողություն է ծավալել:

BBC-ի տվյալով՝ Ստամբուլում «Գեզի» զբոսայգու տասնյակ պաշտպաններ կալանավորվել են: Բախումների հետեւանքով 12 մարդ տուժել է, 63 ցուցարարներ ձերբակալվել են, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Տեղի լրատվամիջոցները հայտնում են 81 ձերբակալվածների մասին: Ընդ որում, ըստ իրավապահների, բուժօգնության համար հարյուրին մոտ մարդ է դիմել, գրում է rbc-ն:

Հիշեցնենք, Ստամբուլում անկարգությունները սկսվել էին այն բանից հետո, երբ մայիսի 31-ի առավոտյան ոստիկանները ուժով ցրել էին «Գեզի» այգու պահպանության համար հերթապահող քաղաքացիներին

Քաղաքացիները բողոքում են Ստամբուլի քաղաքային իշխանությունների՝ «Գեզի» այգու ծառերի մի մասը հատելու եւ այգու այդ հատվածը ճանապարհ դարձնելու որոշման դեմ:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ որոշումն ընդունված է, եւ այգին քանդվելու է։

Ոստիկանության հետ բախումները շարունակվել են ամբողջ գիշեր, իսկ առավոտյան, ի նշան համերաշխության,  բողոքի ցույցի են դուրս եկել նաեւ այլ քաղաքների բնակիչները: