Երեւանի Կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ հունիսի 1-ին, շարունակվել է Հայրիկյանի դեմ մահափորձի գործով Վարդան Սեդրակյանի ու մյուսների դատավարությունը:
Դատարանում ցուցմունք են տվել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կինը՝ Սուսաննա Ավագյանն ու դուստրը՝ Նարե Հայրիկյանը: Նրանք պատմել են, որ դեպքի օրը՝ հունվարի 31-ին, հեռուստացույց դիտելիս են եղել, երբ բակից աղմուկ են լսել, Նարե Հայրիկյանը մոտեցել է շքամուտքին ու տեսել, որ այնտեղ հայրն է ընկած, հաղորդում է «Ա1+»-ը:
Սուսաննա Ավագյանը եւս դուրս է վազել եւ տեսնելով Հայրիկյանին աստիճանների վրա ընկած, մտածել է, որ սրտամկանի ինֆարկտ է տարել, բայց հետո նտակել է, որ ամուսնու հագուստն արյունոտ է։
Նարե Հայրիկյանն իր ցուցմունքում նշել է, որ դեպքից հետո հայրը ցավից միայն բղավել է եւ չի կարողացել խոսել։ Նա ասել է, որ հարեւաններից մեկը տեսել է սեւ շորերով եւ գլխարկով ինչ-որ մեկին:
Դատարանում զավեշտալի դեպք է գրանցվել Նարե Հայրիկյանի ցուցմունք տալու ժամանակ: Երբ նա ասել է, որ տեսել է, թե ինչպես է հոր պայուսակը թռել, գործով ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը Նարեին հարցրել է, թե ինչքան ժամանակ է օդում կախված մնացել տուժածի պայուսակը:
Դատավոր Գագիկ Պողոսյանն այդ պահին միջամտել է՝ նշելով. «Դուք գտնում եք, որ պայուսակը կարող է թռչե՞լ: Ի՞նչ է նշանակում պայուսակը օդում կախված է մնացել»: Սա առաջացրել է դահլիճում ներկա գտնվողների ծիծաղը: Դատավորը հանել է հարցը: Այդուհանդերձ, Նարե Հայրիկյանը պատասխանել է, որ պայուսակը դեռ գետնին չէր հասել:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում):
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:
Ավելի ուշ կալանավորվել է նաեւ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով:




























