Հայաստանի ՊՆ-ում, այսօր՝ հունիսի 1-ին, մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնե ՊՈԱԿ-ի եւ Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն ամփոփել են ՀՀ տարածքում ականային հիմնախնդիրների եւ համայնքների վրա ականների ազդեցության ուսումնասիրման նպատակով 2012թ. նոյեմբեր - 2013թ. մայիս ամիսների ընթացքում անցկացված ոչ տեխնիկական հետազոտության արդյունքները:

Ըստ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանի` 7 ամիս տեւած հետազոտությունն իր մեջ ներառել է ականների ազդեցության ուսումնասիրությունը, վարակված տարածքների բացահայտումը եւ քարտեզագրումը: «Ուսումասիրվել են Հայաստանի 5 մարզերի` Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի բոլոր սահմանամերձ համայնքները, անտառտնտեսությունները, պետական նշանակության ավտոճանապարհները. ընդհանուր առմամբ` 4255 ք.կմ մակերեսով տարածք, որտեղ բնակվում է 34 723 մարդ»,- իր խոսքում նշեց Ռուբեն Առաքելյանը:

Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Յոհաննես Օդենդալը, շարունակելով ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքը, ասաց, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 113 հաստատված եւ 17 կասկածելի վտանգավոր տարածք: «Կատարված աշխատանքների ընթացքում հավաքագրվել է նաեւ ականապայթյունային պատահարներից 264 տուժածների վերաբերյալ տեղեկատվություն, որը կհանձնվի Կարմիր խաչի միջազգային կոմիտե` աշխատանքների հետագա համակարգման եւ տուժածներին աջակցելու համար»,- տեղեկացրեց Յոհաննես Օդենդալը:

Ասուլիսի մասնակիցները նշեցին նաեւ, որ առավել մանրամասն եւ ամփոփ հաշվետվությունը կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ մինչեւ հուլիսի 15-ը կներկայացվի ՀՀ կառավարություն: