Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի քաղաքապետ Սաիդ Ամիրովը ձերբակալվել է ծանր հանցագործությանը մասնակից լինելու մեղադրանքով: «ՌԻԱ Նովոստին» հաղորդել է, որ քաղաքի վարչակազմում հունիսի 1-ին խուզարկություն է իրականացվել:

Գործակալության աղբյուրը խուզարկությունները կապել է Ամիրովի զարմիկի` Կասպիյսկի փոխքաղաքապետ Յուսուպ Ջապարովի  հետ, որը կասկածվում է հանցավոր խմբի մասնակցության մեջ:

«Life News»-ը տեղեկացնում է, որ քաղաքապետի ձերբակալման օպերացիան ակնթարթորեն է իրականացվել. բարձրաստիճան պաշտոնյային վերցրել են հաշված րոպեների ընթացքում, նա, ի դեպ, շատ զարմացած է եղել կատարվածով:

Իրավապահների վարկածով` Ամիրովն անմիջական մասնակցություն է  ունեցել այսպես կոչված «կոլխոզնիկ»  բանդային, որը կազմակերպվել է Կասպիյսկի դատախազության աշխատակցի կողմից: Խմբավորման մասնակիցների թվում եղել են թե ուժայիններ, թե բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ամիրովը «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ է եւ Մախաչկալայի վարչակազմը ղեկավարում է 1998թ-ից: