ԼՂՀ ՊԲ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը, ով հրազենային վնասվածք էր ստացել  Գորիսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում, այս պահին գտնվում է  ծայրահեղ ծանր կայուն վիճակում: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ռազմական հոսպիտալի աղբյուրը:

Սյունիքի մարզպետ Սուրիկ խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը ներկայումս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, նա առողջական վիճակը կայուն է, ինքնուրույն շնչում է: Նշենք, որ Նիկոլայ Արբահամյանը վիրավորվելուց հետո տեղափոխվել էր Գորիսի հիվանդանոց, որտեղ վիրահատվել էր, ինչից հետո միայն տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն` բուժումը շարունակելու: Այս պահին նա վերակենդանացման բաժանմունքում է, սակայն ճնշումը նորմալ է եւ գիտակից վիճակում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Արտակ Բուդաղյանն է գտնվում «Էրեբունի» ԲԿ-ում, ինչի համար հայցում ենք ընթերցողի ներողամտությունը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ: Shamshyan.com-ի փոխանցմամբ, 1 հոգի մահացել է, իսկ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան:

Ըստ Շամշյանի, Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:

Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գորիս են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննչական խումբը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ: Գորիս են ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը:

Դեպքի կապակցությամբ կան ձերբակալվածներ, նախաքննությունը շարունակվում է: Գործի քննությունն իրականացնելու է զինվորական դատախազությունը: